Форум » Арагва как она есть » Արակովա գյուղի Սուրբ Գևո » Ответить

Արակովա գյուղի Սուրբ Գևո

admin: Սամցխե-Ջավախքի հայկական տարածաշրջանի Ախալքալաքի շրջանի Արակովա գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին այսուհետ կսպասավորի նորանշանակ քահանան: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձր տնօրինությամբ գյուղում հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Թադեոս քահանա Մկրտչյանը: Սեպտեմբերի 1-ին Սուրբ Գևորգ եկեղեցում Տեր Թադեոս քահանա Մկրտչյանի և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Սամվել Թորոսյանի օրհնությամբ և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ Սուրբ և Անմահ պատարագ: Պատարագի ավարտին իրենց շնորհավորական խոսքերն ուղղեցին ջավախքցիներին և մասնավորաբար` Արակովա գյուղի բնակիչներին, Սամցխե-Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգեն Սալբիյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Արակովա գյուղի ծնունդ, Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը: Այդ մասին հայտնում է Ջավախք-ինֆո գործակալությունը. Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքերով, այսօր ջավախքցիների համար տոնական օր է, - «Տասնամյակներ շարունակ բախտի քմահաճույքին մատնված եկեղեցիներում, շնորհիվ մեր ժողովրդի ազգանվեր զավակների, վերանորոգչական աշխատանքներ են տարվում: Բայց մի ուրիշ ուրախություն է, երբ եկեղեցին ունենում է իր քահանան, իր հոգևորականը»: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հույս հայտնեց, որ Տեր Թադեոսի ներկայությունը կբերի հոգևոր փոփոխության, - «Կվերականգնվի մեր քրիստոնեական-եկեղեցական ավանդակարգը, ծիսակարգը: Տեր հոր ներկայությունը մարդկային, հոգևոր, բարոյական մի նոր ներշնչանք կտա մեր ժողովրդին, որ տասնամյակներ սպասել են իրենց եկեղեցու դուռ-բացմանը և հոգևոր հովվի ծառայությանը: Իսկ հոգևոր հովիվները հետայսու կունենան իրենց հոգևոր աջակիցները»: Պատարագի ընթացքում մասնակիցները, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգեն Սալբիյանի ձեռամբ օրհնություն ստացան, իսկ Տեր Թադեոս քահանա Մկրտչյանի ձեռամբ` Ս. Հաղորդություն: Հովհաննես Հունանյանն իր շնորհակալական խոսքն ուղղելով Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և Հայր Բաբգէն Սալբիյանին, և ողջունելով նորանշանակ քահանային, բարեհաճ վերաբերմունք ունենալու խնդրանքով` դիմեց համագյուղացիներին, - «Հարկ է, որ մենք բոլորս սիրով շրջապատենք մեր նորանշանակ քահանային, ամեն անգամ տաճար մտնելուց կիսեք նրա հետ ձեր խոհերը, ձեր զգացումները, և իրենից ճառագայթված դուրս գաք սիրով լցված»: Տեր Թադեոս քահանա Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ ջավախքցիներին կծառայի անձնազոհ կերպով և ամենօր բոլորի տներում «անկոչ հյուր» կլինի, - «Ինձ համար կարևորն այն է, որ իմ հայրենակիցներին պետք է սպասավորեմ` որտեղ էլ որ բնակվելիս լինեն»: Ինչպես նշեց գյուղի բնակիչ 70-ամյա Անիչկա Սողոմոնյանը, Ս. Գևորգ եկեղեցին չի գործել 1910 թվականներից հետո, - «Սովետական տարիներին եկեղեցին վերածվել էր կոլտնտեսության պահեստի` գարի, ցորեն էին լցնում գյուղացիները»: Նշենք, որ 1830-ական թվականների կառույց Ս. Գևորգ եկեղեցին սկսվեց վերանորոգվել 2004 թվականից, իսկ 2005 թվականի ավարտին արդեն պատրաստ էր օծման: 2006 թվականի հոկտեմբերի 28-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանյի օրհնությամբ, Ջավախքի և Աջարիայի առաջնորդական փոխանորդներ Հայր Բաբգեն Սալբիյանի և Հայր Կիրակոսի մասնակցությամբ կատարվում է վերանորոգված Ս. Գևորգ եկեղեցու օծումը: Եկեղեցին վերանորոգվել է Արակովա գյուղի ծնունդ, Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանի նախաձեռնությամբ: Ինչպես հայտնեց Հունանյանը, եկեղեցու վերանորոգման համար ծախսվել է մոտ 100 հազար USD գումար, իսկ շինարարական աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել նաև համագյուղացիները:

Ответов - 0



полная версия страницы